Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնական տիտղոսը վճռվում է 3 գլխավոր վարկածներով չեմպիոնական գոտիներ վաստակած բռնցքամարտիկների մենամարտի արդյունքում: Գերթեթեւ քաշային կարգում այդպիսի բռնցքամարտիկներ առայժմ երկուսն են` մեքսիկացի Քրիստիան Միխարեսը եւ վանաձորցի Վախթանգ Դարչինյանը, որը իր մարտերն անց է կացնում Ավստրալիայի դրոշի ներքո: Նոյեմբերի 2-ին այդ բռնցքամարտիկները վճռեցին գերթեթեւ քաշային կազմում աշխարհի բացարձակ չեմպիոնին: Ամբողջ մարտի ընթացքում առավելությունը Վախթանգի կողմն էր: Նա ընտրել էր հարձակողական ոճը եւ հենց սկզբից սկսեց թելադրել իր կանոնները: Ու չնայած Միխարեսի ծամածռություններին ու ավելորդ շարժուձեւին, որով, ըստ երեւույտին, որոշել էր հոգեբանակն ճնշում գործադրել` Վախթանգը 2-րդ ռաունդում ձախ օպերկոտով Միխարեսին հրավիրեց ռինգի հատակ: Միխարեսը կարողացավ ոտքի կանգնել եւ շարունակել մենամարտը: Մինչեւ 9-րդ ռաունդ մարտը շարունակվում էր առանց ոճական փոփոխությունների. Միխարեսը ծամածռում էր դեմքն ու հիստերիկ շարժումներ անում, իսկ Վախթանգը միավորներ վաստակում: 9-րդ ռաունդում Վախթանգի ձախից հասցված հուժկու հարվածը Միխարեսին եւս մեկ անգամ հորիզոնական դիրքի բերեց: Մրցավարը նույնիսկ 10-ից ետ հաշվարկ չսկսեց, այլ անմիջապես ազդարարեց մարտի ավարտը: Աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը գերթեթեւ քաշային կազմում դարձավ հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը: Վախթանգի մարզահագուստի վրա դիմացից գրված էր «SPITAK», իսկ ետեւից` «RUBEN» գրությունը: