Իսպանիայի խորհրդարանի շրջակա միջավայրի հարցերով կոմիտեն բանաձեւ է ընդունել, որը ներկայացնում է կապիկների որոշ տեսակների (գորիլլա, շիմպանզե, բոնոբո) իրավաբանական իրավունքները: Փաստաթուղթը կոչ է անում իշխանություններին անել ամեն հնարավորը, որպեսզի կապիկների այդ տեսակները չենթարկվեն ստորացման, տանջանքների ու սպանության: - Սա պատմական օր է կենդանիների իրավունքների ու պաշտպանության պայքարում,- ասել է Great Apes Project կազմակերպության իսպանական ֆիլիալի տնօրեն Պեդրո Պոզասը: Great Apes Project կազմակերպությունը հիմնվել է 1993 թվականին փիլիսոփաներ Պետեր Զինգերի եւ Պաոլ Կավալերի կողմից: Նախագծի ստեղծողների հիմնական գաղափարն էր շիմպանզեների, գորիլլաների, օրանգուտանների եւ բոնոբոների իրավունքների համար պայքարը, որոնք գենետիկորեն նման են մարդուն եւ Great Apes Project-ի կարծիքով ունեն մարդկանց հավասար իրավունքներ: Ըստ ընդունված բանաձեւի, որը շուտով կարող է օրենք դառնալ, Իսպանիայում արգելվում է կապիկների վրա կատարվող փորձերը: Իսպանիայի խորհրդարանի որոշմամբ վերը նշված կապիկների տեսակների օգտագործումը հեռուստատեսային գովազդում կամ կրկեսում կդիտվի որպես քրեական հանցագործություն: Միեւնույն ժամանակ իսպանական գազանանոցների կապիկներ ունենալը չի արգելվում, սակայն այդպիսի այգինրում պետք է զգալի բարելավվեն կապիկների համար պայմանները: Քննադատները նշում են, որ այդպիսի բանաձեւի ընդունումը տարօրինակ է դիտվում հատկապես Իսպանիայում` մատնացույց անելով այդ երկրում ցուլերի հետ կապված դաժան ավանդույթները: