Ապրիլի 6-ին Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի ունեցավ ՙՏաշիր-2008՚ 3-րդ ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Դահլիճը լեփ-լեցուն էր տարբեր տարիքի հայերով. կարոտած աչքերով պապիկներ ու տատիկներ, հանգիստը հայեցի անց կանցող պարոններ իրենց տիկնանց հետ, հայ խոսքի ու մշակույթի ծարավ պատանիներ ու աղջիկներ, հայ փոքրիկներ: Համերգը վարում էին հին ու նոր սերնդի հայկական եւ ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Ելույթ էին ունենում, նմանապես, տարբեր սերունդների հայկական ու ռուսական երգիչներ եւ երգչուհիներ: Շոուն գեղեցկացնում էին հայկական ու ռուսական պարային համույթներն ու խմբերը: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր. գեղեցիկ ձեւավորված բեմ, շոուի հետաքրքիր ու անակնկալներով լի սցենար, բազմաթիվ սպասված ու չսպասված հյուրեր: ՙՏաշիր-2008՚ ազագային 3-րդ մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ալբոմ ճանաչվեց Արամեի ՙԱնձայն՚ ալբոմը: Մրցանակը Արամեին հանձնեց քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա նշեց, որ Արամեին նայելով հասկանում ես, թե որքան գեղեցիկ է հայ ազգն ու որքան տաղանդավոր: Նա նաեւ ասաց. - Այս տարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում է Սիրուշոն: Եկող տարի թող Եվրատեսիլ մեկնի տաղանդավոր Արամեն: ... Դուք տաղանդավոր ազգ եք: Աշխարհի ամենատաղանդավոր ազգը հայ ազգն է: ... Եթե մրցույթ անց կացվի ազգերի միջեւ, հայ ազգը կճանաչվի որպես ամենալավ ազգ, որպես ամենատաղանդավոր ազգ, որպես ամենագեղեցիկ ազգ: ... Դուք եք աշխարհի ամենալավ ժողովուրդը, դուք արժանի եք ամենալավին: Եվ դա կլինի: Ահա, արդեն շատ երկրներ որոշումներ ու բանաձեւեր են ընդունում ձեր երկրի օգտին: Ես համոզված եմ շուտով լուծվելու են ձեր տարածքային խնդիրներն էլ եւ մյուս բոլոր խնդիրներն էլ: Այո, դուք լավն եք, դրա համար էլ ձեզ բոլորը նախանձում են: Երգող դերասան մրցանակին արժանացավ Ավետ Խալաթյանը: Մրցանակը հանձնող Դմիտրի Խառատյանն ասաց. - Մենք շատ նմանություններ ունենք Ավետ: Երկուսս էլ դերասան ենք, երկուսս էլ երգում ենք եւ երկուսս էլ հայ ենք: Նույնիսկ մեր ազգանուններն են նման Խալաթյան-Խառատյան: Իսկ վերջում ավելացրեց. - Շնորհակալություն: Ինչպես իմ հայրենիքում են ասում` ՙմերսի՚: Հատուկ մրցանակի արժանացան Եվրատեսիլում Հայաստանը, Ռուսաստանը եւ Վրաստանը ներկայացնող Սիրուշոն, Դիմա Բիլանը եւ Դիանա Գուրցկայան: Ըստ ՙՏաշիր-2008՚-ի տարվա երգիչն է աղջիկների սրտերը գերող Հայկոն, լավագույն երգչուհին` միշտ նոր ու յուրահատուկ ոճերով ներկայացող Էմմին: Հայաստանի փոփ երգի արքա: Թաթա Սիմոնյանն արժանացավ այս կոչմանը: Մրցանակը հանձնեց Իրինա Ալեգրովան` մաղթելով Թաթային երկար մնալ երգի արքայի կարգավիճակում: