1915 թվական, ապրիլի 24: Այս թվականը սեւ տառերով գրվեց հայոց պատմության մեջ: Օսմանյան թուրքիան իրականացրեց իշխանույունների կողմից նախապես ծրագրված դարի ամենամեծ ոճրագործությունը: Կոտորվեց 1,5 միլիոն հայ անմեղ բնակչություն: Կոտորվեց անմարդկային հալածանքների ու տանջանքների ենթարկվելով: Պաշտոնապես ծրագրված էր վերացնել հայ ժողովրդին Երկրի երեսից: Հային չկարողացան լռեցնել: Հայը ապրում է, հայը հիշում է: Աշխարհի բոլոր աշխարհամասերում բնակվող հայորդի զավակներն ամեն տարի ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքն են կատարում եղեռնի զոհ դարձած իրենց հայրենակիցների անմար հիշատակին: Ապրիլի 27-ին իսպանահայ բնակչությունը երթի էր դուրս եկել Մադրիդի փողոցներով` ի հիշատակ կոտորված հայրենակիցների: Երթի կազմակերպիչն էր Հայ-Իսպանական ՙՀոգիս՚ ասոցիցիայի նախագահ Վահագն Հայրապետյանը: Հայ արի զավակները եռագույն դրոշը պարզած հպարտությամբ քայլում էին Մադրիդի փողոցներով` իրենց հիշատակի ու դատապարտման խոսքն ասելով Իսպանիայի եւ ամբողջ աշխարհի հանրությանը. ՙՄենք դատապարտում ենք կատարված ոճրագործությունը եւ չենք ցանկանում, որ այն երբեւէ իրագործվի որեւէ ազգի նկատմամբ՚: Եռագույններն ու ցուցանակները ձեռքերում իսպանացի հայորդիներն անցան ամբողջ քաղաքով ու քաղաքի ամենամեծ այգիներից մեկում` Retiro այգում, միացան իրենց ապագա սերնդակիցներին` փոքրիկ հայորդիներին: Մադրիդի նորաբաց հայկական դպրոցի առաջին սերունդը առաջին անգամ հարգանքի տուրք էր մատուցում եղեռնի զոհերի հիշատակին: Երթն առաջնորդում էին հենց նրանք` եռագույն գոտիներով ու մոմերով: Հայ արյունն իրենց երակներում կրող փոքրիկները, երթն անցնելուց հետո, իրենց ձեռքի մոմերը շարելով, գետնին գրեցին ՙ1,5՚ թիվը` լուսավորելով 1,5 միլիոն նահատակվածների հիշատակը: Այնուհետեւ փոքրիկներն արտասանեցին ՙՏերունական Աղոթքն՚ ու իրենց սովորած առաջին հայերեն տողերը. - Մենք հայ ենք, Մեր հայրենիքը Հայաստանն է, Մեր լեզուն հայերենն է, Մեր եկեղեցին առաքելականն է, Մեր տերն Աստվածն է Հայր որդի եւ սուրբ հոգի: Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը միշտ կխնկարկվի այսօրվա եւ վաղվա հայի երախտագետ հոգում...